Հայաստանը մեկ տարուց ավելի է` չի կարողանում կողմնորոշվել Գյումրիում «Չոր նավահանգստի» և արդյունաբերական հանգույցի կառուցման նախագծի իրականացման ժամկետների հարցում։ Ծրագրի իրականացման մեկնարկի ամսաթիվը կրկին անորոշ ժամկետով հետաձգվել է։
2023 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ հոլանդական MTBS խորհրդատվական միջազգային ընկերությունը պատրաստել է «Չոր նավահանգստի» տեխնիկատնտեսական հիմնավորումը (ՏՏՀ)։ 2024 թվականի երկրորդ կեսին պետք է սկսվեին շինարարական աշխատանքները։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան պարզաբանել են, որ ներկայում, բացի ՏՏՀ-ից, մշակված է նախագծի իրագործելիության պլանը, ճանապարհային քարտեզը։
«Հնարավոր ներդրողներ ներգրավելու և օպերատոր ընտրելու նպատակով բանակցությունները շարունակվում են նաև մի շարք միջազգային կառույցների, այս թվում` Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում (ԱՄԷ, Իրաք և Կատար) նմանատիպ նախագծեր իրականացնող կառույցների հետ», - ասել են գերատեսչությունից։
Նախարարությունը չի բացառում նախագծում հնարավոր փոփոխությունները, ըստ որում՝ ժամկետների առումով։ Նշվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի տնտեսության աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ինչպես նաև արտահանման ծավալների ընդլայնմանը:
Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է Գյումրիում լոգիստիկ կենտրոնի, արդյունաբերական գոտու և պահեստների հետ ազատ առևտրի գոտու ստեղծում: Դա թույլ կտա ապրանքներ և բեռներ տեղափոխել ցանկացած ուղղությամբ՝ օգտագործելով ինչպես օդային, այնպես էլ երկաթուղային տրանսպորտը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը